Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը պատրաստ է Հարավային Կովկասում «Վեցի պլատֆորմի» ստեղծմանը:
Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Էրդողանն ասել է, որ Պուտինը պատրաստ է վեց երկրների ֆորմատով հարթակ ստեղծել»,-գրում է թերթը:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի նախագահն ավելի վաղ կոչ էր արել հարթակ ստեղծել վեց երկրների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կազմում։
Էրդողանը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը առևտրի եւ տնտեսության առումով հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար»:
Նշելով, որ «Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է տանում այդ միջանցքի համար», Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ «Հայաստանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները»: