Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջատարն է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Այս մասին հաղորդում Է TACC-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրատեղամասերում առկա տվյալների (ավելի քան 56%) մշակումից հետո իշխող կուսակցությունը հավաքել է 47,66%:
Երկրորդ տեղում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է՝ 31,06% ձայներով։ Քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա վրացական հինգ խոշոր բնակավայրերում, որոնք օգտվում են ինքնակառավարվող քաղաքների կարգավիճակից: Այդ քաղաքաներն են Թբիլիսին, Բաթումին, Քութայիսին, Փոթին և Ռուսթավին: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրատեղամասերի ավելի քան 50 տոկոսի ձայների հաշվարկից հետո թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հաղթահարել 50-տոկոսանոց արգելքը:
Թբիլիսիում երկրորդ փուլում կպայքարեն «Վրացական երազանքի» գործող քաղաքապետ Կախա Կալաձեն և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիան: Առաջին փուլում Կալաձեն հավաքում է ձայների 45,32 տոկոսը, իսկ Մելիան՝ 34,15 տոկոսը: Բաթումում քաղաքապետի պաշտոնին հավակնում են Գեորգի Կիրտաձեն՝ «Ազգային շարժումից» և Արչիլ Չիկովանին՝ «Վրացական երազանքից»: Քութայիսում երկրորդ փուլ են անցնում «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու Խաթիա Դեկանոիձեն (43,81%) եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ Իոսիֆ Խախալեիշվիլին (41,76%):
Փոթիում երկրորդ փուլ են անցնում իշխող կուսակցության թեկնածու Բեկա Վաչարաձեն (47,73 տոկոս) և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուլուգավան (37,44 տոկոս): Ռուսթավի քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն իշխող կուսակցության ներկայացուցիչ Նինո Լացաբիձեն (44,92 տոկոս) և «Միասնական ազգային շարժման» թեկնածու Դավիթ Կիրկիտաձեն (43,81 տոկոս):
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: