Իրանցի մասնագետներն այժմ իրենց տրամադրության տակ ունեն 120 կգ-ից ավելի հարստացված ուրան, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
«Մենք գերազանցել ենք 120 կգ-ի նիշը», – հայտարարել է նա:
Էսլամին պարզաբանել է, որ նման քանակի ուրանը երկրին անհրաժեշտ է Թեհրանում հետազոտական ռեակտորի աշխատանքը պահպանելու համար:
«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ նրանք (արևմտյան երկրները-խմբ․) պետք է մեզ տրամադրեին մինչև 20 տոկոս հարստացված վառելիք։ Սակայն նրանք դա չեն արել»,- հայտարարել է նա։
Հաղորդագրություններում նշվում է, որ 2021 թվականի օգոստոսին 20 տոկոսով հարստացված ուրանի իրանական պաշարները գնահատվել են 84,3 կգ: