Քաղաքական շահերը խանգարում են ղարաբաղյան հակամարտության կողմերին համաձայնության գալ, մինչդեռ դավանանքների ներկայացուցիչները բանակցային գործընթացում առավելություններ ունեն, որոնք հիմնված են Աստծո հանդեպ հավատի, ընդհանուր բարոյական արժեքների և միմյանց հանդեպ վստահության վրա, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը, որը տեղի է ունենում երեքշաբթի Մոսկվայում:
Ռուսական եկեղեցու առաջնորդը հանդիպումներ է ունենում Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հետ Մոսկվայում հոկտեմբերի 12-ին և 13-ին: Հոկտեմբերի 13-ի հանդիպումը կլինի եռակողմ։
«Եթե խոսքը գնում է ռազմական հակամարտության հաղթահարման մասին, ապա քաղաքական գործոնը ներկա է, և երբ այդ գործոնը գերիշխում է, բանակցությունները բարդանում են։ Երբեմն մեր կրոնական տեսանկյունից անբացատրելի է թվում, թե ինչու մարդիկ չեն կարող վստահել մեզ։ Նրանք չեն կարող պայմանավորվել, քանի որ շոշափվում են քաղաքական շահերը», – ասել է պատրիարք Կիրիլը ։
Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդներն առավելություն ունեն նման խնդիրների քննարկման հարցում, քանի որ «մենք ունենք ընդհանուր հիմք՝ հավատք Աստծո հանդեպ և բարոյական արժեքների համակարգ, պարկեշտություն և վստահություն միմյանց նկատմամբ», ինչը «ստեղծում է շատ բարենպաստ մթնոլորտ»:
«Այս 30 տարիների ընթացքում, որ մենք ծանոթ ենք, ոչ մի դեպք և թեմա չի եղել, որ մեզ բաժանեն և լարվածություն ստեղծեն։ Մենք միշտ գտել ենք այն հարցերի լուծումը, որոնք քննարկել ենք», – ասել է պատրիարք Կիրիլը՝ դիմելով ադրբեջանցի մահմեդականների առաջնորդին։
Պատրիարք Կիրիլը երեքշաբթի ավելի վաղ հանդիպել էր Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ինչպես հաղորդվել է, Գարեգին Բ-ն հանդիպման ժամանակ ասել է, որ հավատում է, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել դժվարին ժամանակները Ռուսաստանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու աջակցությամբ: Նա նաև ասել է, որ հույս ունի, որ Հայաստանում ՌՈՒԵ-ի ներկայացուցչությունը բարձր մակարդակի վրա կլինի։ Պատրիարք Կիրիլը Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է »Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև նրա 70-ամյակի կապակցությամբ:
Ավելի վաղ պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջեւ բանակցություններն արդեն արդյունք են տվել և իջեցրել Լեռնային Ղարաբաղում դիմակայության աստիճանը: