Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
«Մոսկվայում անցկացվել Է եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկվել են Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
Հիշեցնենք, որ օգոստոսին հայտնի էր դարձել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի վերսկսման մասին: Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:
Ավելի վաղ՝ հունիսի 1-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը դադարեցվել է:
Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը, ստեղծվել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով: