Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն օգտագործում է պետություններին Ժնևի կոնվենցիաներից բխող իրենց պարտավորությունների մասին հիշեցնելու ցանկացած հնարավորություն և պատրաստակամ է աջակցելու 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա հակամարտության հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցում՝ կողմերի համաձայնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն՝ խոսելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հնարավորությունների մասին:
ԿԽՄԿ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները գրեթե ամեն ամիս այցելում են «2020 թ. աշնան սրացման առնչությամբ ազատազրկվածներին»՝ գնահատելով նրանց հանդեպ վերաբերմունքը, ազատազրկման պայմանները և նպաստելով ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։
Ժիլ Կարբոնյեն խոսել է նաև իր հայաստանյան այցի և տարածաշրջանում Կարմիր խաչի շուրջ երեսնամյա չեզոք և մարդասիրական գործունեության մասին: Նրա խոսքով՝ քննարկված առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդիրը: