Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման հարցին։ Այս մասին հոկտեմբերի 31-ի երեկոյան Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։
Նրա խոսքով` ներկայումս շարունակվում են բանակցությունները Հարավային Կովկասում «Վեցի պլատֆորմի» («3+3», Ռուսաստան, Թուրքիա, Իրան+Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևավորման շուրջ:
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք համատեղ քայլեր ձեռնարկենք և խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- կոչով դիմել է Թուրքիայի նախագահը:
«Այս կապակցությամբ կա որոշակի բացասական տրամադրվածություն Վրաստանի կողմից, բայց եթե բոլոր այդ երկրները դրական մոտեցում ցուցաբերեն, ապա այդ հարթակը կստեղծվի, և տարածաշրջանը կվերածվի խաղաղության հարթակի»,- համոզմունք է հայտնել Էրդողանը։
Թուրքիայի նախագահը կարծում է, որ նման պլատֆորմի ձևավորումը կնպաստի Անկարայի և Երևանի միջև դրական ուղղությամբ հարաբերությունների զարգացմանը: