Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում է բանտից բռնի կերպով տապալել իշխանությունը։
Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչո Մգելաձեն, հայտնում է «Грузия-Онлайн»-ը։
Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ ակցիայի կազմակերպիչները ծրագրում են արգելափակել պետական հիմնարկները, ինչպես նաև քննարկում են իրավապահ մարմինների առանձին աշխատակիցների հավաքագրման և ընդդիմության առաջնորդներից մեկի վերացման հնարավորությունը, հայտարարել է նա:
«Նոյեմբերի 6-ից առանձին քաղաքական խմբեր մտադիր են մշտական հանրահավաքներ կազմակերպել Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի առջև։ Բացի այդ, բողոքի ակցիա է նախատեսված Թբիլիսիում»,- նշել է Մգելաձեն։
Նրա խոսքով՝ ակցիաների կազմակերպիչները ծրագրում են արգելափակել պետական հաստատությունների, մասնավորապես՝ խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմերի, Արդարադատության նախարարության, ՆԳՆ-ի շենքերը։
«Այդ գործողությունները, որոնք ուղղված են իշխանության բռնի տապալմանը, ծրագրվում են դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, որը տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին հրահանգ է տալիս այն մարդկանց միջոցով, ովքեր նրան այցելում են քրեակատարողական հիմնարկ»,- ասել է Բաչո Մգելաձեն։
Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին։ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է եղել 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր, իր լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ լքել է երկիրը: Դրանից հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի վերաբերյալ արդեն կայացվել են վճիռներ։