«Ես կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ-ում, եթե անգամ «հակառուսական հիստերիա» կա, ապա դրա հեղինակը իշխող մեծամասնությունը չէ, և ՀՀ ԱԺ ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե նախօրեին ԱԺ ամբիոնից իշխող մեծամասնության կողմից «հակառուսական հիստերիա էր բարձրացվել։
«Մենք ասել ենք և Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններց է, և ՀԱՊԿ-ն այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք։ Մենք նաև հույս ունենք, և աշխատում ենք, որ ՀԱՊԿ-ը նման իրավիճակներում նախատեսված մեխանիզմները կգործարկի։ Եթե այդ մեխնաիցմների գործարկման հետ կապված խնդիրներ կան, ապա այդ մեխանիզմները նախատեսվել են, բայց նախկինում դրանք գործարկելու առիթ չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը։
Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Փաշինյանին․
«Ինչպես ստացվեց, որ այդքան ուշ դիմեցիք Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին՝ ռուսերեն իմացող չկա՞ր, թե՞ թուղթ չունեիք։ Շատ լավ է, որ քրեակատարողական հիմնարկները վերանորոգեցիք, շուտով վերադառնալու եք այդտեղ»։
Փաշինյանին ուղղված Մամիջանյանի հարցը բորբոքեց մթնոլորտը, իսկ քիչ անց «Պատիվ ունեմ»-ի անդամները լքեցին նիստերի դահլիճը։
«Քրեակատարողական հիմարկի անունը տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան»,- նշեց Փաշինյանը։
․