Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահուսեյն Մալեքին, ի պատասխան «3 + 3» ձևաչափին Իրանի մասնակցության վրա Ռուսաստանի և Թուրքիայի շեշտադրման, ասել է. «Իսլամական Իրանը տարածաշրջանային առաջատար տերություններից մեկն է և նրա ներկայությունը Կովկասի շուրջ վեցակողմ բանակցություններում մեծ ազդեցություն կունենա»: Այս մասին փոխանցում է Pars Today-ը։
«Բաքվի և Երևանի միջև իրադարձությունները չեն վերաբերում միայն այդ երկու երկրներին. ավելի շուտ դա չարիքի արդյունք է, որը ստեղծում են իսրայելցիները, իսկ նրանց կողմից հովանավորվող երկրներից մի քանիսը լուրջ ճգնաժամ առաջացնող գործողություններ են ձեռնարկում»:
Ֆադահուսեյն Մալեքին նաև ասել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազումը կարող է հանգեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության վերադարձին»:
«Մենք հուսով ենք, որ Կովկասում «3+3» ձևաչափով բանակցությունները կհանգեցնեն բարենպաստ արդյունքների, և մենք կտեսնենք տարածաշրջանային միավորում»,- եզրափակել է իրանցի պաշտոնյան։