ՀԱՊԿ-ի պետությունները հայտարարել են դաշինքի անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունների անթույլատրելիության մասին, ինչպես նաև մտահոգություն են հայտնել զինված հակամարտությունների գոտիներ օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ:
Այս մասին, մասնավորապես, ասվում է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հայտարարության մեջ։
«Նշում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի եւ ռազմաքաղաքական լարվածության աճի։ Խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտությունների գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ-ի երկրները նաև հայտարարել են կազմակերպության անդամ պետությունների ռազմաքաղաքական զսպման ուղեգիծը չընդունելու մասին և ընդգծել, որ «առկա խմբավորումների, ռազմական ենթակառուցվածքների և լոգիստիկ հնարավորությունների ընդլայնումն ու ծավալումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն սահմանակից տարածքներում զորավարժությունների մասշտաբների ավելացումը հանգեցնում են լարվածության խորացմանը և խափանում են անվտանգության ընդհանուր և անբաժանելի տարածքի ձևավորման ջանքերը»:
«ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից պետություններին սահմանափակվել իրենց տարածքներում առանց այն արտասահմանում տեղակայելու, վերացնել այն ամբողջ ենթակառուցվածքը, որը թույլ է տալիս ապահովել այդ զենքի արագ տեղակայումը ոչ միջուկային պետությունների տարածքում, ձեռնպահ մնալ այնպիսի վարժանքների անցկացումից, որոնք կապված են այնպիսի սպառազինություններ չունեցող պետությունների զինված ուժերի անձնակազմի կողմից միջուկային զենքի կիրառման հմտությունների մշակման հետ», – ընդգծվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրավիճակի բացասական զարգացումը։ ՀԱՊԿ երկրները գտնում են, որ ռազմավարական ՀՀՊ համակարգերի ավելացումը և դրանց տեղակայումը միակողմանիորեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության վրա, շոշափել շատ պետությունների անվտանգության շահերը, խարխլել հրթիռների եւ հրթիռային տեխնոլոգիաների տարածմանը հակազդելու բազմակողմ քաղաքական-դիվանագիտական մեթոդների մշակման եւ օգտագործման հիմքերը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են գալիս նման քայլերի դեմ և անթույլատրելի են համարում իրենց անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին ապահովելու փորձերը:
Նաև ՀԱՊԿ-ի երկրները ափսոսանք են հայտնել 1987 թվականի միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի գործողության դադարեցման կապակցությամբ: Այս պայմանագրի բացակայության պայմաններում, որը 30 տարի շարունակ կազմում էր սպառազինությունների վերահսկման համակարգի հիմքերից մեկը, առաջանում են սպառազինությունների մրցավազքի եւ հրթիռային սպառնալիքների աճի լրացուցիչ ռիսկեր, նշվում է հայտարարության մեջ: Բացի այդ, հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում 1936թ.Մոնտրեի կոնվենցիայի դրույթների խախտման կապակցությամբ, կոչ է արվում անվերապահորեն պահպանել այն։
«ՀԱՊԿ – ի անդամ պետությունները համոզված են, որ իրադրության ապաէսկալացմանը եւ չկանխամտածված միջադեպերի առաջացման վտանգի նվազեցմանը կնպաստեր ՀԱՊԿ – ի պատասխանատվության գոտու մերձակայքում ռազմական ակտիվության կրճատմանը, զորքերի (ուժերի) արդեն տեղակայված կամ «անընդհատ ռոտացիայի ենթարկվող» խմբավորումների հետքաշմանը մշտական տեղակայման վայրեր, ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից հրաժարվելուն եւ ռազմական ոլորտում գերազանցության հասնելուն ուղղված քաղաքականությունից», – ասված է հայտարարության մեջ:
ՀԱՊԿ անդամ պետություններն ընդգծել են մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը։ Հայտարարության համաձայն՝ նրանք ակնկալում են ՆԱՏՕ – ի երկրների կառուցողական արձագանքը այն միջոցների նկատմամբ, որոնք ներկայացվել են ՆԱՏՕ – ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ՝ փոխադարձ վստահության ամրապնդման եւ համագործակցության զարգացման մասին 2019թ.մայիսի 22-ի բաց ուղերձում: