Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն «հիմնավորված» պահանջներ ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության նկատմամբ:
«Ինձ թվում է՝ խաղաղապահների գործունեությանը պետք է նայել ավելի լայն պրիզմայով, և, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան։ Բայց, միևնույն ժամանակ, անարդար կլիներ չհիշատակել նրանց դրական գործառույթների մասին»,-Ալիևի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ դրական է գնահատում խաղաղապահների գործունեությունը։ Ալիեւն ասել է նաև, որ Բաքուն բազմիցս ռուսական կողմին պահանջներ է ներկայացրել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող տարածքներ այցելությունների վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի, ճիշտ ընտրություն։ Ես ասել եմ, որ մեր առաջարկը միշտ չէ, որ սեղանին է լինելու։ Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը», — հայտարարել է նա։
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Ղարաբաղի հարցով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ Նրա խոսքով՝ Մինսկի խումբը պետք է ընդունի այդ իրողությունը և իմանա, որ այլևս չեն զբաղվելու Ղարաբաղյան հարցով։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում ռազմական շինաշխատանքների փորձերին:
«Եթե մենք մեր անվտանգության նկատմամբ թեկուզ փոքրագույն սպառնալիք տեսնենք, այդ սպառնալիքն անհապաղ կկասեցվի։ Որտեղ էլ որ գտնվի, Հայաստանի տարածքի որ խորքում էլ գտնվի, մենք այն պարզապես կոչնչացնենք»,-Ալիևի խոսքերը մեջբերում է TACC-ը։ Նա ընդգծել է նաև, որ Բաքուն կշարունակի սպառազինության ժամանակակից համակարգեր ձեռք բերել։