Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Առավոտ» օրաթերթի հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարության, թե իրենք ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը:
«Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին»,-նշված է ՌԴ աԳՆ-ի պատասխանի մեջ։