Անկարան նախատեսում է թռիչքներ սկսել Հայաստանից դեպի երկրի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին գրում է Hüriyyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին, փոխանցում է РИА Новости-ն։
«Որպես առաջին քայլ՝ որոշվեց բաց օդային հաղորդակցություն հաստատել Հայաստանի հետ։ Այնուհետև օրակարգում կդրվի դեպի այլ մարզեր թռիչքների հարցը։
Մասնավորապես, Վանը կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ հայերի համար։ Միաժամանակ նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ՝ Կարսի մոտ գտնվող կամուրջն ու շինությունները, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային հարաբերությունները»,– գրում է թերթը։
Հանդիպմանը բարձրացվել է նաև հայերին հետաքրքրող «որոշ պատմական կառույցներ, այդ թվում՝ Կարսի մերձակայքում գտնվող կամուրջներ և շինություններ» վերականգնելու անհրաժեշտության հարցը։
Ավելի վաղ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել էր, որ Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2-ից կսկսեն թռիչքները, որոնք կիրականացվեն շաբաթական երեք անգամ։ Հաղորդվել է նաև, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները թուրքական Pegasus ընկերությանը շաբաթական երկու չվերթ իրականացնելու թույլտվություն են տվել։
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց հերթին թույլտվություն են տվել հայկական Flyone Armenia ընկերությանը թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով։ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի կտրուկ արձագանքին։