Թուրքիայի ԱԳՆ-ը, «վերջին իրադարձությունների հետ կապված», իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի արևելքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շրջանակներում մենք մեր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս լքել դրանք»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, երբ ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունները հայտնել են Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդները ստորագրել են համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր։
Փետրվարի 21-ի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչման մասին: Այդ հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր։