Հարավային Օսիայի միավորումը Հյուսիսային Օսիային ազգային երազանք է, և Աբխազիան աջակցում է եղբայրական Հանրապետության բնակիչների նման ձգտմանը: Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ТАСС-ին այսպես է մեկնաբանել նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ Հարավային Օսիան մոտ ժամանակներս իրավաբանական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնություն մտնելու համար:
«Նրանք (Հարավային Օսիան) առաջին անգամ չէ, որ այդ հարցը դնում են, հանրաքվեն մեկ անգամ չէ, որ անցկացվել է, դա նրանց պատմական ճակատագիրն է, հավանաբար, Հյուսիսային Օսիայի հետ միավորումը, ազգային երազանքն է, և այդ պատճառով զարմանալի ոչինչ չկա դրանում: Մենք միայն աջակցում ենք եղբայրական Հարավային Օսիայի նման ձգտմանը», – ասել է Շամբան։
Ինչ վերաբերում է Աբխազիայի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությանը, ապա, Շամբայի խոսքով, ոչ քաղաքական շրջանակներում, ոչ էլ Աբխազիայի հասարակությունում նման տրամադրություններ չկան։ «Նախ՝ մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և նման տրամադրություններ էլ չկան հասարակության մեջ։ Մենք թանկ գնով վճարեցինք անկախության համար, դա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, ուստի այդ հարցը չի քննարկվում մեր շրջանակներում՝ քաղաքական և հասարակական։ Ես չգիտեմ Աբխազիայում այնպիսի քաղաքական ուժ, կուսակցություններ կամ հասարակական շարժումներ, որոնք բխելու էին նման հնարավորությունից, անկախությունից հրաժարվելուց։ Նման քաղաքական ուժեր չկան», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Շամբայի կարծիքով՝ Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հետ Աբխազիայի հարաբերությունները պետք է «ամենասերտ ձևով» զարգանան։ «Միանգամայն ակնհայտ է, որ մինչ այդ էլ պարզ էր, և այսօր, երբ մենք կանգնած ենք համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոխհարաբերությունների, գլոբալ քաղաքականության մեջ նոր կառուցվածքների շեմին, այն ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում նման վերափոխում, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ավելի սերտ լինեն: Մենք պետք է ավելի սերտացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ», – ասել է նա: Մենք պետք է համատեղ նախագծեր կառուցենք ապագայի համար՝ տնտեսական, անվտանգության ոլորտում, բոլոր այլ ուղղություններով», – ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի 26-ին և նրա հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, նույն թվականին ստորագրվել է Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին միջպետական պայմանագիր: 2014-ի նոյեմբերին Աբխազիայի և Ռուսաստանի նախագահները պայմանագիր են ստորագրել դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին։ 2008 թվականից ստորագրվել է ավելի քան 100 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ։