Բաքուն չի ճանաչում Վրաստանի Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա) նախագահական ընտրությունները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը և չի ճանաչում 2022 թվականի ապրիլի 10-ին Վրաստանի Ցխինվալի շրջանում անցկացված, այսպես կոչված, «նախագահական» ընտրությունները, ինչպես նաև դրանց արդյունքները։
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն կարևոր է համարում շարունակել բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան։
Նախօրեին՝ ապրիլի 10-ին, Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ էին։ Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հինգ թեկնածուներ։
Հարավային Օսիայի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992 թվականի մայիսի 29-ին Վրաստանի հետ զինված հակամարտության ժամանակ հռչակեց հանրապետության անկախությունը։ Աբխազիան իր հերթին անկախություն է հայտարարել Վրաստանի հետ 1992-1993 թվականների պատերազմից հետո։
Մինչև 2000-ականների երկրորդ կեսը այս պետությունները ոչ ոքի կողմից չեն ճանաչվել։ 2006 թվականին Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչեցին միմյանց անկախությունը։ Բացի այդ, նրանց անկախությունը ճանաչել են չճանաչված Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի պատերազմից հետո երկու հանրապետությունների անկախությունը ճանաչվեց Ռուսաստանի կողմից։ Ի պատասխան՝ Վրաստանի խորհրդարանը «Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի տարածքների օկուպացիայի մասին» բանաձև է ընդունել, իսկ Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։