Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ, ներառյալ՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։
Դիվանագետները կարևորել են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մարդասիրական քայլերի շարունակությունը և կապի բոլոր գծերի բացումը։