Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև սահմանների սահմանազատման, ինչպես նաև Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն իր ներկայացուցիչներին նշանակել է սահմանի սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագիր պատրաստելու համատեղ հանձնաժողովում՝ հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ ապրիլի 25-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը պայմանավորվել են սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ։
Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր։