Պաշտոնական Թբիլիսին շահագրգռված է Ադրբեջանի հետ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրագործմամբ։ Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ չորեքշաբթի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։
«Մենք շահագրգռված ենք կոնկրետ նախագծերի իրականացմամբ և պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»,- ասել է Դարչիաշվիլին։
Նա բարձր է գնահատել համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, Հարավային գազային միջանցքը, ընդգծել է, որ այդ նախագծերը «բարձրացնում են մասնակից երկրների գրավչությունը և մեծ ներուժ էներգետիկ անվտանգության և անկախության առումով»։
Վրացի նախարարը նաև նշել է, որ աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի ցանկությանը։
«Այսօր հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանում խաղաղության խնդրին։ Աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` մենք նաև աջակցում ենք խաղաղ բանակցությունները շարունակելու Ադրբեջանի շահերին»,- ընդգծել է Դարչիաշվիլին: