ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Վրաստանի աջակցության ակտին, որն օրենսդրական մակարդակով հաստատում է երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը։
Փետրվարի 8-ին օրինագիծը կրկին Կոնգրեսի ստորին պալատ են ներկայացրել «Վրաստանի ընկերներ» խմբի նախագահներ, կոնգրեսականներ Ջերի Քոնոլին (դեմոկրատ) և Ադամ Քինզինգերը (Հանրապետական): Օրինագիծը ներկայումս ունի ընդհանուր առմամբ 19 համահեղինակ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից:
Վրաստանի ԱԳՆ-ն նշում է, որ «Վրաստանի աջակցության ակտը» ընդգծում է Միացյալ Նահանգների ուժեղ աջակցությունը Վրաստանին որպես ՆԱՏՕ-ի թեկնածուի, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների իրավունքը՝ որոշելու երկրի ապագան, արտաքին քաղաքականությունը և անվտանգությունը՝ առանց այլոց միջամտության կամ հարկադրանքի։
Օրինագիծը շեշտը դնում է ԱՄՆ-Վրաստան պաշտպանական, անվտանգության համագործակցության և Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման վրա, և պետքարտուղարին հանձնարարում է ներկայացնել Վրաստանի հետ ապագա համագործակցության հնգամյա ռազմավարությունը:
Որպես ընթացակարգային պլանի հաջորդ քայլ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն հաստատված օրինագիծը կուղարկվի ԱՄՆ Սենատ։ Եթե օրինագիծը հաստատվի համապատասխան հանձնաժողովների կողմից և Սենատի լիագումար նիստում, այն կուղարկվի ԱՄՆ նախագահին, իսկ ստորագրման դեպքում ուժի մեջ կմտնի Վրաստանի աջակցության ակտը։