Ադրբեջանը պղծել է Հադրութի հայկական եկեղեցին՝ գմբեթից հանելով խաչը, հայտնում է war.karabakhrecords.info-ն։
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի իշխանամետ լրատվական գործակալությունները հոդվածներ են հրապարակել «Հադրութում Սուրբ Զատիկը նշել են» վերտառությամբ՝ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու նոր լուսանկարներով, որոնք այլևս խաչ չունեն։
Տաճարի տարածքում չկան գորգեր, ծիսական պարագաներ, պատերից հանված են սրբապատկերները։ Եկեղեցու արտաքին պատերը պղծված են ադրբեջաներեն տարբեր արձանագրություններով։
Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1621 թվականին։ 1819 թվականին այն վերականգնվել է, միաժամանակ տեղադրվել է եկեղեցու գմբեթը։ Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1999 թվականին Միխայիլ Բաղդասարովի ֆինանսական աջակցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանցիները խաչը հանել են Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթից, պղծել Թալիշի եկեղեցին, գործնականում ավերել Շուշիի Կանաչ եկեղեցին և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշարձաններից հայկական հետքերը վերացնելու աշխատանքային խումբ ստեղծելու մասին։