Անկարան թույլ չի տա տարածաշրջանում Թուրքիայի շահերը ոտնահարող ստատուս քվոյի ձևավորումը։ Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Հուլուսի Աքարը դատապարտել է միջազգային հանրության դիրքորոշումը, որն անտեսում է հույն ուժայինների հակաիրավական գործողությունները, որոնք ուժ են կիրառում միգրանտների և փախստականների դեմ:
Թուրք նախարարը նշել է, որ, ի տարբերություն հունական կողմի, թուրքական ՌԾՈՒ-ն փրկում է միգրանտների և փախստականների կյանքը՝ չթողնելով նրանց զոհվելու ծովի մեջտեղում։
Որպես օրինակ՝ Աքարը հիշեցրել է թուրքական Gökçeada ֆրեգատի գործողությունների մասին, որի անձնակազմը լիբիական Միսրատա քաղաքի ափերի մոտ 17 անօրինական ներգաղթյալի է փրկել:
«Այս և այլ փաստերը վկայում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության գործում թուրքական բանակի ներդրման մասին։ Մեր ռազմական նավաստիները թուրք ժողովրդի հպարտության առարկան են, Թուրքիայի ծովային սահմանների անվտանգության պահապանները, մարդասիրության սկզբունքի կրողները»,- հայտարարել է Աքարը։
Նա ուշադրություն է հրավիրել Էգեյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում Թուրքիայի և Հունաստանի միջև հակասությունների, այդ թվում՝ Կիպրոսի հարցի վրա։
Աքարի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և երկխոսության միջոցով խնդիրները քննարկելու պատրաստակամության վրա: «Չնայած Թուրքիայի խաղաղ ձգտումներին, Աթենքը շարունակում է սադրանքները և չի հրաժարվում ագրեսիվ հռետորաբանությունից»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ում սկսում են աստիճանաբար ճանաչել Հունաստանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման փաստերի առկայությունը:
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի իրավունքներն ու շահերը ոտնահարվեն տարածաշրջանում։ Դրա համար մենք ունենք և՛ վճռականություն, և՛ ներուժ», – ընդգծել է Աքարը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև ուշադրություն է հրավիրել ահաբեկիչների դեմ պայքարի վրա, այդ թվում Իրաքի և Սիրիայի հյուսիսում:
Նրա խոսքով՝ Pençe Kilit հակաահաբեկչական գործողությունը, որն ապրիլի 18-ից շարունակվում է Իրաքի հյուսիսի երեք շրջաններում: Գործողության շրջանակներում չեզոքացվել է PKK ահաբեկչական կազմակերպության 73 զինյալ, ավերվել են 102 քարանձավների և թաքստոցների մուտքերը, որոնցից օգտվում էին ահաբեկիչները:
«Մենք վճռական ենք օպերացիան ավարտին հասցնելու և Թուրքիայի համար ահաբեկչության սպառնալիքը վերացնելու հարցում։ Պայքարը շարունակվելու է ընդհուպ մինչև վերջին գրոհայինի ոչնչացումը»,- վստահեցրել է Աքարը։
Նախարարի խոսքով՝ թուրքական բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը երկրի սահմանները պաշտպանելու համար։ «Միայն տարեսկզբից պետական սահմանն ապօրինի հատած 2065 անձ է ձերբակալվել։ Կանխվել է սահմանն ապօրինի հատելու 132 472 փորձ։ Սահմանի պաշտպանությունը ազգային անվտանգության հարց է»,- հայտարարել է Հուլուսի Աքարը։