Ադրբեջանում հայտնել են Հայաստանի հետ դելիմիտացիայի հանձնաժողովում կողմերի կազմը համաձայնեցնելու մասին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկություն է ներկայացրել, ըստ որի՝ ադրբեջանական կողմը սահմանի դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովում կգլխավորի փոխվարչապետը:
Հայկական կողմը, ըստ նրա, որոշ ներքին քննարկումներից հետո համաձայնել է այդ առաջարկին։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 6-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ձևավորելու մասին։