Իրանը պատրաստ է մասնակցել Տաթև-Սիսիան (Հարավային Հայաստան) իրանական Նուրդուզ տանող ռազմավարական կարևոր ճանապարհի հարավային հատվածի շինարարությանը։ Այս մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը հայտարարել է իրանական «Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցում և զարգացում» ընկերության գլխավոր տնօրեն Խեյրոլլա Խադեմին, հայտնում է IRNA-ն։
Նա, մասնավորապես, մատնանշել է Նուրդուզում թունելի կառուցման և տերմինալի զարգացման կարևորությունը։
Ավելին, Իրանը պատրաստ է իրանական կապալառուների և ընկերությունների տեխնիկական և ինժեներական ծառայություններն արտահանել Հայաստան՝ Իրանի Նուրդուզից Երևան միջանցքի շինարարությունն ավելի բարձր արտադրողականությամբ ավարտելու համար, նշել է նա։
Իրանի տարանցման և միջազգային փոխադրումների բյուրոյի գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին իր հերթին առաջարկել է իրանական և հայկական միջանցքներն առևտրայնացնել՝ տարածաշրջանային տարանցումը մեծացնելու նպատակով: Նրա խոսքով՝ տարանցման պահանջարկն ավելանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին վերջերս ստորագրված համաձայնագրի շնորհիվ։
Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա, ինչպես ընդգծել է Իրանի երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին, այդպիսի երթուղիներից մեկը կարող է լինել Ջուլֆա-Նախիջևան-Երևան երկաթուղու կառուցումը։ Մյուս երթուղին Ջուլֆա-Նուրդուզ-Երևանն է, որը համաձայնեցվել է 7 տարի առաջ, բայց դեռ չի իրականացվել։ Երրորդ տարբերակը մուլտիմոդալ տարանցումն է Երևանից Ջուղա ավտոմոբիլային ճանապարհով, այնուհետև հարավ՝ Բանդար Աբաս նավահանգիստ երկաթուղով։
ԻՌՆԱ-ն հիշեցնում է, որ 2021 թվականի հոկտեմբերին Իրանի տրանսպորտի փոխնախարար Խեյրոլլա Խադեմին մեկնել էր Հայաստան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Գորիս-Կապան երթուղին շրջանցելու այլընտրանքային ճանապարհի կառուցմանը՝ կապված իրանական բեռնատարներից Ադրբեջանի կողմից գանձվող բարձր վճարների հետ։