Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ տարի անց կառուցել և շահագործման հանձնել Իրանի տարածքով անցնող ավտոմոբիլային կամուրջներ և միավորել Ադրբեջանի «Արևելա – Զանգեզուրի տնտեսական շրջանը» (ներառում է Ադրբեջանի կողմից օկուպացված Ջաբրայիլի, Քելբաջարի, Ղուբադլինի, Լաչինի և Զանգելանի շրջանները – խմբ.) և Նախիջևանը:
Ինչպես հաղորդում է АПА-ի թեհրանյան բյուրոն, այդ մասին հայտարարել է այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև վերջերս ստորագրվել է համապատասխան փոխըմբռնման հուշագիր։
«Այսօր մենք Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարի հետ քննարկել ենք ավտոմոբիլային կամուրջների կառուցման և ֆինանսավորման հարցը, ինչպես նաև նախագծերի տեխնիկական դետալների նախագծման ավարտը։ Կարծում ենք, որ կկարողանանք մեկ տարվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել ավտոմոբիլային կամուրջներ», – ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։
Նա նշել է, որ երկաթուղային ոլորտում ստեղծվել է աշխատանքային խումբ, սկսվել են տեխնիկական դետալների քննարկումները։
«Քննարկումներ են ընթանում նաև էլեկտրահաղորդման գծերի կառուցման վերաբերյալ։ Այդ նախագծերը մեծ օգուտ կբերեն Իրանին և Ադրբեջանին, շահավետ կդառնան տարանցիկ կապեր, և մեր ժողովուրդները դրանից օգուտ կստանան», – ընդգծել է Մուստաֆաևը՝ հավելելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև առկա է լայն համագործակցություն։ «Համագործակցությունն ընդգրկում է տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի, նավթի, գազի և ներդրումների ոլորտները։ Տրանսպորտային և տարանցիկ ոլորտներն առավել առաջնային ոլորտներից են։ Մենք շատ հաջող համագործակցություն ունենք այս ոլորտում։
Նշեմ, որ 2021 թվականի առաջին 3 ամիսներին ավտոմոբիլային փոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 70 տոկոսով։ Մենք հսկայական ներուժ ենք տեսնում այս ոլորտում և քննարկել ենք մի շարք նախագծեր», – հայտարարել է Մուստաֆաևը։