Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ազգությամբ ադրբեջանցիներ են, կարող են թույլատրվել հրաժարվել ռուսաֆիկացված ազգանուններից։ Euronews Georgia-ի փոխանցմամբ՝ «Ազգանունը պատմամշակութային ավանդույթներին համապատասխան փոխելու իրավունքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է Վրաստանի խորհրդարանի քննարկմանը և այժմ հանրային քննարկումների է ենթարկվում։
Փոփոխությունների շնորհիվ ադրբեջանցիները կկարողանան հրաժարվել իրենց ազգանունների վերջածանցներից՝ «ով», «ովա», «եվ», «եվա»։ Այսպես, օրինակ, Խալիլովի ազգանունը կփոխվի Խալիլ, իսկ Մամեդովը՝ Մամեդլի։ Գործընթացը սկզբունքորեն տարբերվելու է ազգանունը փոխելու ստանդարտ ընթացակարգերից՝ այն կլինի ավելի պարզ և արագ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 20-ին Բոլնիսի մունիցիպալիտետի բնակիչներին ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը։ Նա նշեց, որ օրենքի ընդունմամբ կորոշվեն իսկության սկզբունքով ազգանունը փոխելու բոլոր մանրամասն ընթացակարգերը։ Դիմորդները կկարողանան օգտվել ծառայությունից՝ դիմելով պետական գերատեսչություններին:
«Քաղաքացիական ակտիվիստների կողմից այս հարցը երկար ժամանակ բարձրացվել է։ Խորհրդարանը քննարկել է այս թեման։ Կողմերը լսել են, մշակվել է օրենքի նախագիծ, որը ներկայացվում է էթնիկ փոքրամասնություն ներկայացնող Վրաստանի քաղաքացիներին։ Խորհրդարանը շատ շուտով կընդունի այս օրինագիծը»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդային ժամանակաշրջանում փոխված իսկական ազգանունները վերադարձնելու իրավունքի մասին նախաձեռնությունը «Սալամ» քաղաքացիական կազմակերպությանն է։ Անցյալ տարի Վրաստանում «Վերադարձրու իմ ազգանունը» կոչվող արշավի շրջանակներում ակտիվիստները դրա օգտին հավաքեցին ավելի քան 27 000 ստորագրություն: Նախաձեռնությունը խորհրդարան ներկայացնելուց հետո, սակայն, պատգամավորները տեխնիկական սխալների պատճառով արգելափակեցին այն։ Միաժամանակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ աշխատում են այլընտրանքային օրենքի վրա: