Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սա միայն մեկ քայլ չէ, այլ գործընթաց, որին նպաստում է բրյուսելյան հանդիպումը։ Մենք այս հանդիպումն օգտակար ենք համարում»,- ասաց նա։
Բայրամովը չի բացառել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նոր հեռախոսազրույցների հնարավորությունը։ Նա հիշեցրեց, որ ապրիլին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև, որի ընթացքում հայկական կողմին ներկայացվել է Բաքվի մոտեցումը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ։
«Այդ հեռախոսազրույցները կապված են հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ։ Ներկա պահին հաջորդ հեռախոսազրույցի օրը որոշված չէ։ Այդուհանդերձ, ես չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում նոր հեռախոսազրույցներ կկազմակերպվեն»,- ասաց նա։
Բայրամովը նաև նշել է, որ ակնկալում է, որ հանձնաժողովի հաջորդ նիստում կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի։ Նա ասել է, որ Ադրբեջանը համակարգված քայլեր է ձեռնարկում կարգավորման ուղղությամբ, և հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից ճանապարհների և երկաթգծերի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։