Ստրասբուրգում հաջորդ շաբաթ կկայանա հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։
Նրա խոսքերով՝ նախաձեռնությունը համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ:
Ընդհանուր առմամբ, Ստրասբուրգ կմեկնի Ադրբեջանի 10 ներկայացուցիչ։ Ենթադրվում է, որ համադրելի թվով երիտասարդներ կպատվիրակի նաև Հայաստանը։
«Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։ Հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ամրապնդումն է»,- պատմել է ֆրանսիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ Եվրամիության «մայրաքաղաքում» մայիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Նախորդ անգամ նման ձևաչափով բանակցությունները կայացել էին ապրիլի 6-ին։ Առաջին երկկողմ հանդիպումը Բրյուսելն ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։