Ռուսական «РИА новости» լրատվական գործակալության կայքն անհասանելի է դարձել Ադրբեջանի տարածքում, հաղորդում է գործակալությունը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` «РИА новости» – ի հասանելիությունն արգելափակվել է Ադրբեջանի տարածքում:
Գործակալությունը կայքի արգելափակման պատճառների հարցով դիմել է երկրի ԱԳՆ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը ռուսական լրատվական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «շրջանառության մեջ դնելու» մեջ` ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ գործակալության թղթակցի զրույցի հրապարակման պատճառով:
«Ռուսաստանի պետական տեղեկատվական գործակալության կողմից զրպարտչական բնույթի տեղեկատվության տարածումը, որը հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և քարոզում է անջատողական միտումներ, չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, այդպիսով, լուրջ ափսոսանք է առաջացնում», – գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևին:
Նա նաև կարծիք է հայտնել, որ դա, իբր, հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի և 2022 թվականի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին:
Գործակալությունը նշում է, որ «РИА новости» -ի կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության ոչ մի ապացույց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը չի բերել: ««РИА новости» -ի նյութերում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի արտահայտություններով նյութերն ուղեկցվել են Ադրբեջանի դիրքորոշման մանրամասն շարադրմամբ», – գրում է գործակալությունը: