Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ վիճակում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Այն ամենը, ինչի մասին մենք պայմանավորվել ենք, իրագործվում է։ Ապրանքաշրջանառությունն աճում է։ Անցյալ տարի այն աճել է 16 տոկոսով, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին մեր վիճակագրության համաձայն՝ գրեթե 5,5 տոկոս աճ է գրանցվել, այսինքն՝ շարունակվում է վստահ աճը», – Պուտինի խոսքը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը հայտնել է, որ պատրաստվում են Ռուսաստանի կառավարության նախագահի և Պետական դումայի նախագահի այցերն Ադրբեջան:
«Բայց ամենագլխավորը մեր պլանների իրագործումն է, ավելի ճիշտ՝ մեր համատեղ պլանի (ռուս-ադրբեջանական համագործակցության) իրագործումը մինչև 2024 թվականը։ Մեզ մոտ ամեն ինչ առաջ է ընթանում։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում և առաջին հերթին՝ կապված ղարաբաղյան կարգավորման հետ։ Մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք, և հիմա հնարավորություն կլինի դեռ խոսել այդ թեմայով», – հայտարարել է Պուտինը։