Վրաստանում գրանցված ցանկացած բիզնես իրավունք կստանա մասնակցել ԵՄ գնումներին։ Ինչպես հաղորդում է «Коммерсант»-ը, այդ մասին որոշում է կայացրել Վրաստան-Եվրամիություն ասոցիացիայի խորհուրդը:
Էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ այժմ Վրաստանից ընկերությունները հնարավորություն են ստացել լիարժեք մուտք գործել գնումների եվրոպական շուկա: Նա հայտնել է, որ մեկ տարվա ընթացքում ԵՄ-ում ավելի քան 250 հազար պետական գնորդներ 2 տրլն եվրոյի արտադրանք են ձեռք բերում:
Նախարարի խոսքով՝ խորհրդի որոշումը Վրաստանի կողմից ասոցացման օրակարգով սահմանված պարտավորության ամբողջական կատարման արդյունք է։ Նա նաև կարծիք է հայտնել, որ «դա նոր խթան կհանդիսանա վրացական ընկերությունների համար»:
Պարբերականը նշում է, որ Վրաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և մասնակցում է ԵՄ-ի այնպիսի ծրագրերին, ինչպիսիք են եվրոպական հարևանության քաղաքականությունը, Եվրակոնտրոլը և TRACECA-ն: Վրաստանի քաղաքացիները 2017 թվականից հնարավորություն ունեն առանց վիզայի այցելել ԵՄ։