Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի վաղ ունեցած հարցազրույցին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թուրքիայի համար կարմիր գիծն Ադրբեջանն է, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կլինի նշված հարցի կարգավորումից հետո: Բայց մենք նրանցից կոնկրետ քայլեր ենք ակնկալում, մենք վճռական ենք կարգավորման այս գործընթացում»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, Թուրքիայի նախագահն էլ փոխադարձաբար շնորհավորել է Փաշինյանին Վարդավառի տոնի առթիվ։