Ադրբեջանի դատախազությունը պահանջել է տարբեր ժամկետների ազատազրկման դատապարտել երկրի Ազգային անվտանգության լուծարված նախարարության 4 նախկին բարձրաստիճան սպաների:
Ինչպես հաղորդում է Turan-ը, պետական մեղադրողը սպաների գործով դատավարության եզրափակիչ խոսքի ընթացքում առաջարկել է ԱԱՆ քննչական վարչության նախկին պետ Մովլամ Շիհալիևին դատապարտել 14 տարվա, նախաքննության վարչության ղեկավարի նախկին տեղակալ Յասին Մամեդովին՝ 12 տարվա, ԱԱՆ քննչական վարչության բաժնի նախկին պետ Վուսալ Ալեքպերովին՝ 11 տարվա և բաժնի պետի նախկին տեղակալ Սահիբ Ալեքպերովին՝ 10 տարվա ազատազրկման:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2008-2014 թվականներին չորս մեղադրյալները կազմակերպված ձևով յուրացրել են գույքը և շորթել առանձնապես խոշոր չափերով կաշառք: Սպաները մեղադրվում են 14 մլն 292 հազար մանաթի չափով կաշառք ստանալու և 5 մլն 77 հազար մանաթ գումարի ունեցվածք յուրացնելու մեջ:
Նշվում է, որ դատախազի ելույթից հետո փաստաբանները ժամանակ են խնդրել եզրափակիչ ելույթը նախապատրաստելու համար: Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 30-ին։