Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ Ալի Նագիևը հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը «լուրջ փորձեր է ձեռնարկում» խաթարելու Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ելույթ ունենալով Ղրղզստանում թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների խորհրդաժողովի նիստում, Նագիևը հայտարարել է, որ «որոշ հարևան երկրների տարածքից մի շարք արմատական շրջանակներ պարբերաբար շարունակում են իրենց գործունեությունը՝ ուղղված տարածաշրջանում և Ադրբեջանի ներսում կայունության և հանգստության խաթարմանը»:
Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարի խոսքով, «Հայաստանում ռևանշիստական ուժերը մինչ օրս չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից», և Հայաստանի ընդդիմությունը «լուրջ փորձեր է ձեռնարկում խաթարելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:
Նագիևը նաև նշել է, որ «ադրբեջանական հատուկ ծառայությունների զգոնության արդյունքում վճռականորեն կկանխվեն դրա հետ կապված ցանկացած հնարավոր բացասական իրավիճակները»: