Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերի բնակիչների տարհանումը դեռ չի սկսվել, որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որից հետո արդեն բնակիչները կհեռանան Քաշաթաղի շրջանից։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում փոխանցեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Գերատեսչությունից հայտնեցին, որ բնակիչների տարհանման կազմակերպումը միայն իրենց ուժերով չի կատարվում, Տարածքայիին կառավարման և ենթակառուցվածքների նախարարն իր գործընկերների հետ աջակցում է տարհանման կազմակերպմանը։ Բնակիչներին փոխադրամիջոցներ են տրամադրվում՝ անհրաժեշտն իրերը բնակավայրերից տեղափոխելու համար։
ԱՀ ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ ընդհանուր առմամբ՝ 350 բնակիչ պետք է տարհանվի Քաշաթաղի շրջամից։ Բերձոր քաղաքում և Սուս համայնքում, ըստ ԱՀ ՏԿԵՆ-ի, շուրջ 167 բնակիչ կա՝ 70 ընտանիք, հենց այդքանն էլ ստիպված են լքել տարածքը։ Իսկ մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը Բերձորում և Սուսում 2000 բնակիչ էր ապրում։
Աղավնոյում պետարզմից հետո 54 ընտանիք է մնացել՝ 178 հոգի, մինչև պատերազմն Աղավնոյի բնակչության թիվը գերազանգում էր 200-ը։
Նշենք, որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էր օրեր առաջ հայտնել բնակիչներին, որ մինչև օգոստոսի 25–ը պետք է լքեն Աղավնոն ու Բերձորը։ Ըստ նախարարի՝ մինչև Արցախում և Հայաստանում բնակարան գնելը, բնակիչները կտեղավորվեն կացարաններում։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Բերձոր-Լաչինը շրջանցող նոր ճանապարհը շահագործելուց հետո ԼՂԻՄ-ի սահմանից դուրս գտնվող գյուղերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսն անցնելու են Ադրբեջանին:
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Արցախի Ազգային ժողովում հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում Բերձորից պետք է դուրս գան, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու են բանակցությունները։ Իր հերթին՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել էր, որ Աղավնոյի բնակիչներին կտեղավորեն Հին շեն և Մեծ շեն համայնքներում։
Թուրքիայում զինամթերքի գործարանում պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել
Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Բալըքեսիր քաղաքի զինամթերքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, հայտնել են թուրքական...