Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբենյանն ու Սերդար Քըլըչն արդեն 500 հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այդ մասին գրում է Hurriyet թերթը։
Աղբոյւրը հիշեցրել է, որ Ռուբինյանն ու Քըլըչն արդեն անցկացրել են չորս հանդիպում, ևս մեկ հանդիպում նախատեսվում է սեպտեմբերին։
Ավելի վաղ թուրքական A Haber-ը, վկայակոչելով իրենց երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին, հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբենյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով տեղի կունենա սեպտեմբերին։ Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն չի հաստատել այս տեղեկությունը։ Նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ այս պահին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին բանակցությունները։ Այս հանդիպման ընթացքում որոշում է կայացվել վերսկսել թռիչքները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երրորդը՝ մայիսի 3-ին Վիեննայում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նաև մարտի 11-13-ը մասնակցել է Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովին։
Armenia Today-ը տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել էին նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ասել է, որ Թուրքիայի համար «կարմիր գիծը» Ադրբեջանն է, և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր կդառնա այս հարցի կարգավորումից հետո։