Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները հիմնված կլինեն Բաքվի կողմից նախկինում առաջարկված 5 սկզբունքների վրա:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը նշել է, որ այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, ցանկացած տարածքային պահանջից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների դելիմիտացիան և հաղորդակցությունների բացումը:
«Այդ սկզբունքներն առաջարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանին, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվեց երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ։ Մեր արտգործնախարարները առարկայական բանակցություններ կսկսեն համաձայնագրի տեքստի շուրջ՝ այդ հինգ սկզբունքների հիման վրա», – հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ պայմանագրի հինգ սկզբունքներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։