Թուրքական ASELSAN-ը և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 250 կգ քաշով GFAB-250 LG ավիառումբ են մշակել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զինամթերքը ցուցադրվում է ադրբեջանական 4-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում։ Հաղորդվում է, որ ռումբը նախատեսված է հակառակորդի ռազմական տեխնիկայի, կառույցների, ռազմական արդյունաբերության և էներգետիկ օբյեկտների, օդանավերի, օդանավակայանների, պահեստների, կամուրջների, կենդանի ուժի և այլ նպատակների ոչնչացման համար:
Ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը հայտնել է նաև, որ Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հետ նոր զենք գնելու պայմանագիր կստորագրի:
«Թուրքիայի հետ մենք աշխատում ենք այնպիսի զենքի վրա, որը նախատեսված է 10-15 տարի հետոյի համար: Այսինքն՝ մենք նայում ենք ապագային։ Մենք նույնիսկ 20 տարի առաջ ենք նայում։ Դա պետության ղեկավարի հանձնարարականն է»,-հավելել է նա։