Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել է, որ ուրբաթ օրը Բաքվում բանակցություններ է վարել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի հետ:
«Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային – տարանցիկ միջանցքների, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շուրջ», – գրել է Նաբիևը Facebook-ի իր էջում:
Ինչպես հաղորդում է «Интерфакс-Азербайджан» – ը, Նաբիևն ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև սահմանամերձ շրջաններում նոր ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: «Խոսեցինք Իրանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը միացնող ավտոմոբիլային կամրջի շինարարության, ինչպես նաև երկու երկրների միջև Աստարաչայի միջով ավտոմոբիլային կամրջի կառուցման մասին», – հավելել է Նաբիևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքուն և Թեհրանը 2022թ. մարտին հուշագիր են ստորագրել Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին:
Նախագծի նպատակն է ինքնավար հանրապետության հետ նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է կառուցել Արազ գետի վրայով անցնող չորս կամուրջ, այդ թվում՝ երկու ավտոմոբիլային (հետիոտնային անցումով) և երկու երկաթուղային, ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք: