Այս պահին Պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է արձանագրել, որ թիվը վերջնական չէ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կայացած իր ելույթի ժամանակ:
Նա նշեց, որ նախկինում ունեցած ցավալի փորձը հաշվի առնելով՝ մինչ զոհի ինքնության մասին հստակ տեղեկություն չունենալը, չեն հայտարարում մահվան մասին: Փաշինյանը պարզաբանեց, որ գիշերը նախ կրակ է բացվել ՀՀ տարածքի 4 ուղղություններով, ապա ևս երկու ուղղությամբ:
Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտնսիվությունը նվազել է, սակայն 1-2 ուղղությամբ ադրբեջանական հարձակումները շարունակվում են:
«Երբ հայտնի է դարձել հարձակման մասին, ԱԽ անդամները հրավիրվել են ինձ մոտ և նիստ է տեղի ունեցել, խորհրդակցություն, քննարկում, որը մինչև լուսաբաց է շարունակվել: Մասնակցել է հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, և նիստի արդյունքներով որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին: Դիմումի հիման վրա այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստ, դիմել ենք նաև ՌԴ-ին՝ 1997 թվականի բարեկամության, փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա: Որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի»,- ասաց վարչապետը:
Նա նշեց նաև, որ խոսակցություն է ունեցել ՌԴ, Ֆրասիայի, Իրանի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի, ԵՄ խորհրդի նախագահի հետ, ՊՆ նախագահը զրուցել է ՌԴ գործընկերոջ հետ: Փաշինյանը հավելեց, որ արվում է ամենը՝ իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: