Իշխանասարում գիշերվա 04:00-ին վերսկսած հրետակոծությունը առավոտյան դադարել է: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը:
Նա պատմեց, որ գյուղում իրավիճակը հարաբերական հանգիստ է:
«Ոչ մի խուճապ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ ծերերը, կանայք ու երեխաները տարհանվել են, սակայն համայնքն իր բնականոն կյանքով է ապրում:
Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա այն ինտենսիվ չի եղել: «Ժամը մեկ՝ մի քանի կրակոց»,- ասաց համայնքի վարչական ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Արաքսյա Սնխչյան