Իրանի Իսլամական Հանրապետությունը մերժում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում ցանկացած փոփոխություն։ IRNA-ի համաձայն՝ այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք միշտ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»։
Նա հավելել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը տարածաշրջանում, պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։
ՇՀԿ-ի հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Վերջին տվյալներով՝ հայկական կողմը 135 զոհ ունի:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հեռուստաընկերության հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։