Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպման ժամանակ անընդունելի է համարել տարածաշրջանի միջազգային, պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն: Այս մասին ասված է Իրանի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է որոշվի նրանց կողմից, և պետք է հարգանք դրսևորվի նրանց ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասել է Ռաիսին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է երկու երկրների միջեւ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի շարունակման մասին:
Իրանի նախագահը սեպտեմբերի 15-ին Սամարղանդում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Իրանը չի ընդունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն: Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը չափազանց կարեւոր է Իրանի համար՝ հավելելով, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը: