ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Հանրային» հ/ը-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կայացած այցին և այն դրվագին, երբ վերջինս ելույթ էր ունեցել Գրիգոր Խանջյանի Ավարայրի ճակամարտը պատկերող կտավի ֆոնին։ Այս դրվագը ներքաղաքական դիսկուրսում «հակաիրանական» էր դիտարկվել։
Ընդգծելով, որ այդ դրվագն ամերիկյան դեսպանատան կազմակերպածն էր, Ռուբինյանը նշեց. «Ստեղծված իրավիճակում Իրանն այն միակ երկրներից է, որն աներրբայորեն պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումներն՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության տեսանկյունից»։
Ըստ Ռուբինյանի՝ ակնհայտ է, որ հատկապես վերջին շրջանում մեր և Իրանի շահերը համընկնում են։ «Այստեղ ակնհայտ է նաև, որ Փելոսիի այցի որևէ հատվածում, որևէ կոնտեքստ անգամ չկար ուղղված Իրանի դեմ։ Դա նախևառաջ մեր շահերից չի ելնում։ Մեր պատմությունը և համագործակցությունն Իրանի հետ ունի հազարամյա պատմություն»,-նշեց ԱԺ փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ այս հանգստյան օրերին Փելոսին այցելել էր Հայաստան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան համատեղ մամուլի ասուլիս էր ունեցել ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր. «Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ»։
Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Կառավարություն, ՊՆ, ինչպես նաև Ծիծեռնակաբերդ։