Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում զրույց են ունեցել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում սեպտեմբերի 23-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
«Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Հայաստանի կողմից վերջին սադրանքների մասին», – գրել է Բայրամովը:
Նա հավելել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: