Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մինչև 2022-ի վերջ, «եթե հայկական կողմը կամք դրսևորի»։
Նրա խոսքով, այսօր քառակողմ հանդիպման ժամանակ ինքը դիմել է Փաշինյանին՝ Բաքվին մայրուղային երթուղի տրամադրելու առաջարկով, «սակայն պատասխան չի ստացել»։
Ալիևը նաև հայտարարել է, որ ո՛չ հայկական կողմի, ո՛չ եվրոպական կողմի համար խաղաղ պայմանագրի 5 սկզբունքների վերաբերյալ հարցեր և առարկություններ չեն եղել։
Պրահայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Էմմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։ Նշենք, որ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 30-ին։