Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Հիմնական կետերի շուրջ, որոնք հինգն են, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն։ Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել։
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։ Միաժամանակ՝ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։