ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում կայացած հանդիպման ժամանակ դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու և հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու հարցում օգնություն ցուցաբերելու համար:
Այս մասին գրում է Al-Monitor-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Փաշինյանը, ըստ աղբյուրների, ցանկանում է, որ սահմանն անցկացվի խորհրդային ժամանակաշրջանի քարտեզի հիման վրա, այլ ոչ թե նախախորհրդային, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից տարածքի կորստին», – գրում է պարբերականը:
Կայքի տվյալներով՝ Էրդողանն իր հերթին «բարձրացրել է տրանսպորտային միջանցքի հարցը և կրկնել, որ Երևանը պետք է դադարեցնի Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու իր միջազգային արշավը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում կայացած հանդիպմանը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ հնարավոր հետագա քայլերը: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումն անցել է «բարեկամական մթնոլորտում»։