Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած համատեղ ճեպազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց – Սև ծով ճանապարհային միջանցքով։
«Մենք, ինչպես Իրանը, այնպես էլ Բուլղարիան նախապես համաձայնագիր ենք ստորագրել։ Բանակցություններն ընթանում են նաև այլ երկրների հետ, որոնք ներգրավված չեն եղել այդ գործընթացում։ Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի նաև Հնդկաստանի համար», – հայտարարել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև «միջանցքի բացման» մասին քննարկումներին, Միրզոյանը նշեց. «Պատրաստ ենք Ադրբեջանի համար բացել բոլոր հաղորդակցային ուղիները, սակայն կասկածի տակ չպետք է դրվի այն հարցը, որ ենթակառուցվածքները պետք է լինեն այն երկրների օրենսդրության համաձայն, որ երկրով անցնում են։ Ցավոք սրտի, այս հարցում մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին և տեսնում ենք, որ երրորդ երկրներ՝ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական ինտերպրետացիային։ Բազմիցս ասել ենք, որ էստերիտորիալ ճանապարհով միջանցի բացման մասին խոսք լինել չի կարող»,-հայտարարեց Միրզոյանը։
Նշենք, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը իր տարածքում «միջանցք» տրամադրելու պարտավորություն չի ստանձնել։ «Ոչ գրավոր, ոչ բանավոր Հայաստանը միջանցք տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Հայաստանը նման բան է խոստացել, ցանկալին իրականության տեղ են ընդունում»,-հայտարարել է նա։